...ձեզ թվում է Երևանն այլևս մի՞ֆ է, ուղեղային մորմո՞ք, որ անհետացել է իմ և նրանց տեսադաշտից, ովքեր ապրեցին մեր կողքին իրենց ներկայությամբ կերտելով վերջին տասնամյակների քաղաքի տարեգրությունը։ Եվ վե՞րջ, քաղաքը դարձավ... մայրագյու՞ղ՝ տուֆակերտ իր հմայքը թաղելով անդեմ ու մտացածին՝ մարդկանց խղճի վրա վեր խոյացող բազմահարկերի, ամեն քայլափոխի վխտացող այլիմաստ նշանակությամբ հոթել-մոթելների լաբիրինթոսում։
Ամենևին ու հատկապես այդպես չէ, այսպես մտածելու դեպքում Երևանն անվերադարձ կորած կհամարենք։ Քաղաքի պահպանվող ոգին՝ սակավաթիվ կառույցների, հրապարակների, զբոսավայրերի շունչը տակավին չի «հատվել»՝ թեկուզ նրանց ներկայությամբ, ովքեր այսօր ապրում են՝ շարունակելով Երևանի կենսագրությունը։ Միայն պետք է ճանաչել նրանց ու ճանաչելի դարձնել։ Ես ճանաչում եմ... Հակոբ Մարտունին «ինքնիրմով» կենսագրություն է՝ «խճճված» քաղաքի 60-ական թվականներից մինչև մեր օրերը ձգվող ու տարածվող մայթեզրերից մինչև սրճարաններ, փողոցներից մինչև մշակույթի վայրեր և ամենուր, ուր մեր երևակայությունը մեզ «տեղ կհասցնի»։
Բացառվում է մի իրադարձություն, նշանավոր կամ աննշան, քաղաքական, մշակութային, հանրային որևէ գործչի հետ կապված պատմություն, էպիզոդիկ դրվագ, որի նախապատմությանը և զարգացման մանրամասներին տեղյակ չլինի՝ հաճախ անմիջական մասնակցությամբ։
«Սովետական Հայաստան» օրաթերթում աշխատանքի բերումով շրջել է երկրի եղած և չեղած բնակավայրերում, Սովետմիության հայտնի, անհայտ քաղաքներում։ Հանդիպել, մտերմացել է այնպիսի երևելի գրողների, դերասանների, կինոգործիչների, երաժիշտների հետ, որոնք այսօր հիշվում են միայն հանրագիտարաններում ու իր «Օթյակ» գրքում։ Լրագրողի, հրապարակախոսի իր շնչառու, պատկերավոր մտածողությունը ակնհայտ է և բանավոր խոսքում, երբ խոսում, վերհիշում է Երևանի ոչ հեռավոր անցյալից, բորբոքում է խոսակցի երևակայությունը։ Հատկապես մտավորականների նկարագրականների «վրձնահարվածներն» են տպավորիչ, այն աստիճանի, որ մտովի տեղափոխվում ես այլ միջավայր, վերապրում նրա հետ. իր «հին օրերի երգը» շարունակական է։ Հիշողությունների թևառնումից երբեք չի սպառվում, որովհետև զգացումներն են անկեղծ, պատմելակերպը՝ համոզիչ, ճշգրիտ, հումորախառն, նկարագիրներ ներկայացնող, երբեմն մերկացնող, ու միշտ «բանավոր» կարդացվող. «Մարդը ձգտում է իր կյանքն ապրել այնպես, ինչպես պատմում է» (Սարտր)։ Հակոբի պատումը մի իրականությունից այլ իրականություն է տեղափոխում զրուցակցին։
Կարեն Դեմիրճյանի հետ երկարամյա մտերմությունից իզուր չէ, որ վերջինիս կողմից վաստակել է «Էքերման» անունը։ Առ հայոց բառուբանն ունեցած իր նվիրումը և... կանանց նկատմամբ... եթե ընդունված է մեկին մեծարել, Հակոբին պետք է կնամեծարել։
Այսպահ ես դիվանագիտորեն ստիպված եմ «լռել», իր հրաշալի թոռ Հակոբիկը տարիներ հետո ստիպված կլինի լրացնելու պապիկի անավարտ կենսագրությունը։ Իր հիշողությունների գաղտնարանում իրադարձային մարդիկ ու տեսարաններ կան և այդ ամենը՝ մշակույթի անվան տակ, հանգամանքների բերումո՞վ, թե՞ առհասարակ նրանց առավելս ճանաչելու մղումից ելնելով։ Գուցե իմ այս նկատառումը տարօրինակ թվա։ Ինքը լինելով ոչ պակաս «կենտրոնական անձ», ժամանակաշրջանի տարեգրության դրվագները գրառելու սովորություն չունի։ Այդ տարիները «այս հեռվից» դիտարկելը իր համար ծանրաբեռն հոգս է։ Վստահ եմ, հիմա թեթևորեն ժպտալով կկարդա այս տողերը, ինչպես իր գրքերի, հոդվածների ցանկացած էջ՝ միշտ ինքնադժգոհ։
«Պիպիլիզ» վեպի էջերում չափազանց նկատելի են, միանգամայն արդարացվող այն կերպարները, որոնք իրականությունը արտացոլողներ են, ճանաչելի ու հավաստի։ Որտեղ էլ հանդիպելու լինենք, Հակոբը իմ դեմ տարածում է երևանյան օրերի իր «խրոնիկան»։ Ինքը մեկնաբանելու կարիք չունի, երևույթները, մարդկանց նիստուկացը, բնավորության երևելի և պժգալի գծերը ամենևին փոփոխության չի ենթարկում. սա է իր պատումի հմայքը՝ քաղաքը ներսից ու դրսից ներկայացնող։ Ինքն ազատ է, որովհետև թաքցնելու ոչ մի խնդիր չունի, միայն իր տարանուն արկածներին անդրադառնալիս երբեմն նպատակադիր լռում է, բայց շարունակությունը հասկանալի է՝ բարևելու համար մեկնած ձեռքի պես։ Այս ամենն իրականում «ականջի» համար է, միայն պետք է լսել։ Իսկ ես սիրով եմ լսում, քանի որ երևակայականը, հորինվածը իր խոսքում «տեղ չունի»։ Իրականության «վեպը» ինձ վստահաբար հուշում է՝ մի ժամանակ ապրել են մարդիկ, և նրանց ներկայությունից ես հայտնվում եմ այն մթնոլորտում, որտեղ նրանք բարեկիրթ են եղել, բարեհոգի՝ բացառելով որոշ բացառություններ, որոնց մեր օրերի «պատմիչը» չի անդրադառնում, կամ հատու բնորոշումներով ու հումորով է վերաբերվում անցյալ կորուսյալ եղկելի մարդկանց։ ՈՒ դրանից ոչինչ չի փոխվում՝ բնանկարը մնում է իրական-երևանյան։ Փոխվում է իմ տրամադրությունը, որ «կիսով չափ» եմ վայելել ու ականատես եղել այն իրադարձություններին, որոնք կցանկանայի լինեին... կրկնվող ֆիլմեր։
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ